Վանաձորում բացվել է «Նորմեդ» բժշկական կենտրոնի մասնաճյուղը:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բացմանը ներկա է եղել նախարար Արմեն Մուրադյանը, ով շրջել է նորաբաց բժշկական կաբինետներով և վիրասրահով, ծանոթացել կենտրոնի կողմից առաջարկվող ծառայություններին, կադրային և նյութատեխնիկական հնարավորություններին, նաև հետաքրքրվել է բուժաշխատողների աշխատավարձերի չափով:

«Նման կենտրոններն, անշուշտ, նպաստում են մեզ համար գերակա ուղղություն համարվող կանխարգելման ծրագրեր իրականացնելուն»,- լրագրողների հետ զրույցում նշել է Արմեն Մուրադյանը:

Նրա գնահատմամբ` նման կենտրոնները նպաստում են նաև մարզերում առողջապահության համակարգի հանդեպ բնակչության վստահության ձևավորմանը:

«Կենտրոնի բացումը կարևոր նշանակությւուն ունի նաև մարզերի համաչափ զարգացման տեսանկյունից: Մենք խրախուսում և ողջունում ենք մեծ ներդրումները մասնավոր հատվածում, ինչը կնպաստի նաև հիվանդների հոսքի` դեպի Երևան նվազեցմանը»,- հավելել է Ա.Մուրադյանը:

«Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը բացվել է 2007թվականին` ունենալով 20 աշխատատեղ: Տարիների ընթացքում կենտրոնի տնօրինությունը «Արարատ» բանկի հետ համագործակցությամբ և ֆինանսավորմամբ ծրագրել է Վանաձորում ստեղծել նոր բժշկական կենտրոն:

Վանաձոր մասնաճյուղի շինարարական աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի: Ծրագիրը կյանքի կոչելու համար ներդրվել է 1 մլն ԱՄՆ դոլլար:

Նոր մասնաճյուղում ավելացել են մատուցվող ծառայությունների տեսակները: Ելնելով պահանջարկից` կենտրոնը հագեցվել է եվրոպական ժամանակակից սարքավորումներով, աշխատանքներ են տարվել կադրերին վերապատրաստելու ուղղությամբ: Ներկայումս կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի աշխատակազմը կրկնապատկվել է` հասնելով 40-ի:

Նյութի աղբյուրը՝ http://hetq.am/arm/news/61335/bzhshkakan-nor-kentron-vanadzorum.html

© 2017 - Powerd by by Doctors.am

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐ        (+37410)28-95-28