«ՆորՄեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեում: Այսուհետ Լոռու մարզի բնակչությանը կենտրոնը կտրամադրի առավել որակյալ բժշկական օգնություն, նոր ու ժամանակակից սարքավորումներով և ավելի հարմարավետ պայմաններում: «ՆորՄեդ» բժշկական կենտրոնը համագործակցում է Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի հետ:

-Մենք աշխատում ենք ոչ թե սպասարկել «յոլա գնալով», այլ սպասարկել ժամանակակից, հագեցված լավագույն տեխնիկայով, որը շատ կարևոր եմ համարում: Ընդհանուր առմամբ, որպես կանոն, մենք միշտ օգտվում ենք միջազգային չափանիշներից: Մեր շփման դաշտը Գերմանիայի հետ է: Մենք այնտեղ ինչ լավ բան տեսնում, որդեգրում ենք,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց «ՆորՄեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Սուրիկ Ալթունյանը:

Շենքի մուտքի մոտ կառուցված է 2 թեքահարթակ, որոնցից մեկը տանում է դեպի գլխավոր մուտք, իսկ երկրորդը՝ առաջին հարկ, որտեղ գտնվում է ռենտգեն կաբինետը:

-Ի սկզբանե վերելակ էինք նախատեսել, բայց քանի որ մեր ծառայությունները հիմնականում ներքևի հարկում են լինում, այդտեղ թեքահարթակներ կան: Երրորդ հարկում չենք նախատեսել թեքահարթակ, այստեղ տրամադրվող ծառայություններն այնպիսին են, որ հարկ եղած դեպքում բժիշկը կարող է ներքում ընդունել հիվանդին: Թեքահարթակների համար էլ բռնակներ ենք պատվիրել: Նաև բոլոր հարկերում սայլակներ կան, որ եթե մարդը մեքենայով է մոտեցել և չունի սայլակ կամ դժվար է տեղաշարժվում, մենք մերն ենք տրամադրում,- ասում է Սուրիկ Ալթունյանը: — Ունենք նաև ավտոմատ կառավարվող բազկաթոռ, որը ևս հարմար է հաշմանդամություն ունեցող անձին:

Կենտրոնն ունի նաև տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց հարմարեցված սանհանգույցներ, դրանց համապատասխան կահավորումը դեռևս ընթացքի մեջ է: Տնօրենի խոսքով` այն վերջնականապես պատրաստ կլինի առաջիկա օրերին. «Սանհանգույցների համար բռնակներ ենք պատվիրել, դրանք շարժվող են, որպեսզի հարմար լինի: Մեծ բան չի ներկայացնում, բայց քանի որ Հայաստանում դեռևս ընդունված չէ և մեծ տարածում չի գտել, դեռ չունենք: Մենք աշխատում ենք բացթողումներ քիչ անել, որովհետև այսօր առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձինք պետք է օգտվեն այս ամենից»:

Նյութի աղբյուրը՝ http://disabilityinfo.am/12236/

Write a comment:

Your email address will not be published.

© 2017 - Powerd by by Doctors.am

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐ        (+37410)28-95-28